Պսիխոպաթիան անձի ախտաբանական խառնվածք է, որը բնորոշվում է հոգեկան ֆունկցիաների աններդաշնակությամբ և դրանով պայմանավորված` վարքի անհամապատասխանությամբ, կոնֆլիկտայնությամբ:

Ինչպես նշում է Գ. Շնայդերը, պսիխոպաթները կամ իրենք են տառապում իրենց բնավորության աննորմալությունից, կամ էլ ուրիշներին են տառապանքի մատնում:

<<Պսիխոթերապիա>> տերմինի հոմանիշներն են <<պաթոլոգիական անձնավորություններ>>, <<բնավորության անոմալիաներ>>, <<պսիխոպաթ կոնստիտուցիաներ>>, իսկ ոմանք պսիխոպաթիաներն անվանում են բնավորության այլանդակություններ: Հուզակամային անկայունությունը պսիխոպաթ բնավորության հիմնական գծերից է և ավելի է նպաստում կոնֆլիկտային իրավիճակների առաջացմանը: Չնայած բանականությունը պսիխոպաթիայի դեպքում մնում է պահպանված, բայց նույնիսկ բարձր ինտելեկտը (պսիխոպաթների մեջ հանդիպում են նաև տաղանդավորներ) հնարավոր չի դարձնում լիովին շտկել պսիխոպաթ բնավորությունը, և ավելին, պսիխոպաթ մտածողությունը դառնում է սուբյեկտիվ և միակողմանի (պսիխոպաթների աֆեկտիվ մտածողություն):

Պսիխոպաթիայի այս կամ այն աննշան շեղումների առկայությունը չի կարող պսիխոպաթիայի ախտորոշման հիմք հանդիսանալ: Նման դեպքերում խոսվում է բնավորության գծերի շեշտվածության մասին, որոնք նորմայի ծայրահեղ տարբերակներն են, երբ բնավորության առանձին գծերը չափից ավելի են ընդգծված: Դրա հետևանքով դրսևորվում է ընտրողական խոցելիություն որոշ հոգեծին գրգռիչների նկատմամբ, մինչդեռ այլ գրգռիչների հանդեպ ի հայտ է գալիս լրիվ կայունություն:

<<Շեշտավորված անձնավորություն>> տերմինը մտցրել է գերմանացի հոգեբույժ Կ. Լեոնգարդը, առաջարկելով շեշտվածության ձևերի դասակարգումը. հիպերթիմիկ, աֆեկտիվ-անկայուն, աֆեկտիվ-հուզավառային-հուզական, տագնապալից, բծախնդիր, ինտրավերտիվ, գրգռվող, ցուցամոլ, էքստրավերտիվ, կպչուն, դիսթիմիկ:

Ա. Ե. Լիչկոն առաջարկել է <<բնավորության շեշտվածություն>> տերմինը և իր դասակարգումը (1980թ.):

Շեշտվածությունը զարգանում է բնավորության ձևավորման շրջանում և հարթվում տարիքի հետ:

Պսիխոպաթներին անհրաժեշտ է տարբերել ինչպես նորմայի սահմաններում` բնավորության անհատական տարբերակներից, այնպես էլ հոգեկան հիվանդություններից:

Պսիխոպաթներին, ի տարբերություն բնավորության անհատական տարբերակների, բնորոշ են հետևյալ առանձնահատկությունները.

1.Անձի պաթոլոգիական առանձնահատկությունների հարաբերական կայունություն` դրանց հետզարգացման չնչին հնարավորություններով:

2.Անձի հոգեախտաբանական առանձնահատկությունների ամբողջական արտահայտվածություն, երբ անձի ոչ թե առանձին գծերը, այլ ողջ հոգեկան կառուցվածքն է ախտաբանական:

3.Բնավորության ախտաբանական առանձնահատկությունների այն աստիճանի արտահայտվածություն, երբ խանգարվում է անձի վերաբերմունքը շրջապատի հանդեպ և համապատասխանաբար` նորմալ փոխհարաբերությունները մարդկանց հետ:

Այս չափանիշներն արտացոլում են պսիխոպաթ անձնավորության ամենաընդհանուր, էական, բնութագրական առանձնահատկությունները:

Պսիխոպաթիաները պսիխոզներից տարբերվում են նրանով, որ վերջիններիս բնորոշ են հոգեկան գործունեության արտահայտված խանգարումների ախտանշաններն ու համախտանիշները, օրինակ` զառանցանք, ցնորք, գիտակցության մթագնում և այլն: Բացի այդ, պսիխոպաթիաները չունեն հիվանդության սկիզբ, զարգացում, ելք, ավարտ: Պսիխոպաթիան տվյալ անձնավորության բնավորության ողջ կյանքի ընթացքում տևական կայուն պաթոլոգիական վիճակ է:


Պսիխոպաթիայի ձևերը

Պսիխոպաթիայի սկզբնական նշաններն արտահայտվում են մանկական և պատանեկան տարիքում, սակայն սեռական հասունացման շրջանում պսիխոպաթիկ հատկանիշները կարող են մեղմանալ կամ լրիվ անհետանալ (դեսպսիխոպաթիզացում) կամ. ընդհակառակը, կտրուկ սրանալ` ընդհուպ մինչև ծանր պսիխոպաթիայի ձևավորումը:

Առանձնացվում են պսիխոպաթիաների հետևյալ ձևերը.

Ասթենիկ պսիխոպաթիաները բնութագրվում են այնպիսի գծերով, ինչպիսիք են արագ առաջացող հոգնածությունը, զգայունությունը, տպավորվողությունը: Ասթենիկները չափազանց անվստահ են, ամաչկոտ, հեշտությամբ շփոթվում են, հուզվում: Դրանք <<միմոզանման>> անձնավորություններ են, որոնց հունից կարող է հանել ամեն մի մտավոր և ֆիզիկական լարվածություն, կոպտություն, կյանքի դժվարություն: Վախենալով այդ ամենից` նրանք խուսափում են լայն շփումներից, ձգտում են ստվերում մնալ, առանձնանալ:

Վերոհիշյալ ասթենիկ բնույթի ախտանշաններն ավելի են արտահայտվում կյանքի ստերիոտիպի փոփոխությունների դեպքում, այն ժամանակ, երբ կենցաղի սովորական դրվածքը հանգստացնում է, նպաստում որոշակի հավասարակշռությանը:

Պսիխասթենիկ պսիխոպաթները բնավորության շատ գծերով նմանվում են ասթենիկ պսիխոպաթներին, սակայն նրանց մոտ գլխավորը տագնապալից կասկածամտությունն է: Նրանք մանրազնին վերլուծության են ենթարկում ցանկացած արարք, գործողություն, խոսակցություն, ձեռնարկվող կամ ծրագրվող իրադարձություն: Յուրաքանչյուր որոշում երկարատև քննարկվում է, <<մշակվում>>, ընդունվում կամ հետաձգվում մեծ տատանումներից հետո: Սեփական վարքի, ծրագրերի և դրանց իրականացման ճշտության վերաբերյալ մշտական կասկածները հաճախ անհաղթահարելի դժվարություններ են առաջացնում և պսիխասթենիկ անձնավորության կյանքը կատարյալ տառապանք դարձնում: Ինքնավերլուծության հակումը բերում է անցյալի իրադարձությունների մշտական վերհիշմանը, սխալների փորփրմանն ու հայտնաբերմանը, ինքնանախատինքների և ինքնախարազանման: Դա էլ ավելի է նպաստում ինքնավստահության նվազմանը, որը դրդում է պսիխասթենիկներին մեկուսանալ ակտիվ կյանքից, անընդհատ խորհել, թե ինչ են իրենք անում և ինչ է կատարվում իրենց շուրջը: Սա հանգեցնում է անպտուղ իմաստական, <<մտավոր որոճքի>> (Պ.Ժանե), չափազանց ուժեղացած ինքնաստուգման ձգտման:

Իրենց առօրյան հեշտացնելու նպատակով պսիխասթենիկները ջանում են տանն ու աշխատավայրում ստեղծել հստակ կարգ ու կանոն, որի պայմաններում հաճախ պետք չի լինում ընդունել տանջալից որոշումներ, և դրանով իսկ, գոնե ինչ-որ չափով, չեզոքացնում են իրենց տագնապալի կասկածամտությունը:

Գրգռվող (էպիլեպտիոդ) պսիխոպաթները, ըստ Է. Կրեպլինի, աչքի են ընկնում հուզական ուժեզ գրգռականությամբ: Ամենաչնչին առիթը կարող է առաջացնել աֆեկտիվ արտահայտված գերզգայական ռեակցիա, լինի դա զայրույթ, վախ, ուրախություն, չարություն և այլն: Երբեմն գերզգայական նոպաներն այնպիսի ուժգնության են հասնում, որ տեղի է ունենում գիտակցության մթագնում (պաթոլոգիական աֆեկտ)` առաջանում է հոգեշարժական գրգռվածություն և կորչում է ըմբռնելու, տեղի ունեցածի համար հաշիվ տալու և իրենց գործողությունները ղեկավարելու ընդունակությունը: Նման իրավիճակներում նրանք դառնում են վտանգավոր շրջապատի համար, կարող են կատարել զանազան ագրեսիվ արարքներ, ընդհուպ մինչև սպանություններ:

Գրգռվող պսիխոպաթների տրամադրությունը միշտ անկայուն է, ավելի հաճախ` մռայլ. պարբերաբար առաջանում են դիսֆորիկ վիճակներ: Տաքարյունությունը, դյուրագրգռությունը, մռայլությունը, դաժանությունը պայմանավորում են նրանց վարքը, և նրանց ռեակցիան ու արարքները դարձնում անկանխատեսելի, անսպասելի, ուղղման չենթարկվող: Նրանք շուտ են ընդհարվում, անընդունակ են տևական նպատակաուղղված գործունեության, չեն դիմանում տևական աշխատանքի, հաճախ փոխում են աշխատավայրը: Ցանկացած սահմանափակում էլ ավելի է դաժանացնում նրանց, ի հայտ է բերում անզիջողություն, կոպտություն: Չնայած նրանք բավականին ակտիվ են, սակայն կենսական դժվարությունների դեպքում, անհաջողությունների ժամանակ հեշտությամբ հուսահատվում են, հաճախ դիմելով ինքնանվաստացումների և նույնիսկ` ինքնասպանության փորձերի: Նրանք հակում ունեն դեպի ալկոհոլը, պերվերիզիաները և սեռական էքսցեսները:

Որոշ դեպքերում 30-40 տարեկան հասակում բնավորության պսիխոպաթային գծերը հարթվում են, այլ դեպքերում, անբարենպաստ սոցիալական գործոնների պայմաններում, հանգեցնում է սոցիալական լրիվ դեզադապտացիայի:

Հիպերթիմիկ պսիխոպաթները բնութգրվում են մշտապես բարձր տրամադրությամբ, լավ ինքնազգացողությամբ: Նրանք անհոգ, բարեսիրտ մարդիկ են, աչքի են ընկնում ակտիվությամբ, գործունյա են և ձեռներեց: Նրանք շարժուն են, շատախոս, հակված են գերագնահատել իրենց անձն ու հնարավորությունները, սակայն մի փոքր մակերեսային են, թեթևամիտ, շուտ ոգևորվող` ինչպես անձնական կյանքում, այնպես էլ աշխատանքում: Նրանք աչքի են ընկնում ճարպկությամբ, հեշտ են հասնում իրենց նպատակներին, վայելում կյանքի բարիքները: Սակայն չափից ավելի ինքնավստահությունը, առաջնության հասնելու ձգտումը, մշտական հուզական գերակտիվությունը հաճախ կոֆլիկտային իրավիճակներ են ստեղծում: Դյուրագրգիռ լինելով, հիպերթիմիկները նույնքան արագ էլ հանդարտվում են, բայց ընդհանուր առմամբ, հարմարվում են մարդկանց, կոլեկտիվի հետ: Ստեղծելով աղմուկ ու իրարանցում, նրանք մշտապես ինչ-որ իրադարձությունների կենտրոնում են, գիտեն բոլոր նորությունները, մասնակցում են բոլոր ձեռնարկումներին, բայց այս ամենը հաճախ անցողիկ բնույթ են կրում: Նրանց կյանքը պայծառ է, բայց առանց խոր հետաքրքրությունների ու մտերմությունների:

Հիպոթիմիկ պսիխոպաթները (դիսթիմիկները) աչքի են ընկնում տրամադրության մշտական ընկճվածությամբ: Նրանք <<բնածին հոռետեսներ>> են (ըստ Պ. Բ. Գանոկինի), մեղմ, փափկասիրտ, սիրալիր մարդիկ, շատ բարեսիրտ են ու նրբազգաց:

Հիպոթիմիկները մշտապես տանջվում են իրենց անլիարժեքության, ոչնչության զգացումից, իրենց համարում են անընդունակ, անպետք, անընդհատ զբաղվում են ինքնանվաստացմամբ: Նրանք կյանքից ոչ մի լավ բան չեն սպասում, անհաջողությունների, դժբախտությունների, անկարգությունների համար առաջին հերթին իրենց են մեղադրում: Ամեն ինչում միայն վատն են տեսնում: Նրանց ոչ մի բան իսկապես չի ուրախացնում, և եթե նույնիսկ ընտանիքի, ընկերների ներկայությամբ կենսուրախ են, ծիծաղում են, դա միայն արհեստական դիմակ է, որի հետևում քողարկված են հուսալքությունն ու տխրությունը: Երբեմն ընկճված տրամադրության ֆոնի վրա դիտվում են բազմաթիվ հիպոխոնդրիկ գանգատներ, բայց պսիխոթերապևտիկ զրույցները բարենպաստ ազդեցություն են թողնում, միայն կարճ ժամանակով:

Հիստերիկ պսիխոպաթները հիմնականում ղեկավարվում են ամեն գնով շրջապատի ուշադրության կենտրոնում գտնվելու ձգտմամբ, որն էլ համարվում է նրանց բոլոր ցանկությունների հիմնական իմաստը: Այդ ձգտումն արտահայտվում է ամեն ինչում. արտաքին տեսքում, որը կրում է վառ, աչքի զարնող բնույթ, արտասովոր արարքներում, դիմաշարժության, շարժուձևի, խոսքի մեջ: Ամեն ինչ նախանշված է արտաքին ազդեցության համար` պայմանավորված <<ճանաչման արժանանալու ծարավով>>:

Դիտվում է բնավորության ծայրահեղ անկայունություն, փոփոխականություն: Նրանց կարծիքները, վարքը, զգացմունքները կախված են իրավիճակից: Հիստերիկները ձգտում են երևալ ավելին, քան իրականում կան (Յասպերս), երբեմն դիմում են կեղծ վկայությունների, ինքնազրպարտման` ամեն գնով իրենց նշանակությունը, առաջատար դերը ցույց տալու նպատակով: Նրանց ձեռնարկած ինքնասպանության շինծու փորձերը, որոնք երբեմն ճակատագրական են դառնում, նույն նպատակին են ծառայում: Ոմանք ձգտում են ընդգծել իրենց հիվանդությունների անսովորությունը, որոնց ընթացքում փորձում են ցուցադրել անտանելի տառապանքները հաղթահարելու ճիգերը (հիստերիկ նոպաներ, համրություն, կուրություն, ոտքի վրա կանգնելու և քայլելու անկարողություն, անդամալույծություն, աղիքային անանցանելիություն, շնչառության խանգարում և այլն): Մյուսներն ընդգծում են իրենց հասարակական հատուկ դիրքը, մասնակցությունը կարևոր դեպքերին: Այդ ամենն արվում է անսովոր զգայնությամբ, թատերականությամբ, ցուցադրաբար` շրջապատի ներկայությամբ:

Հիստերիկ պսիխոպաթիայով տառապող անձանց մտածողությունը մակերեսային է, վարքը ենթարկվում է հույզերին, դատողությունն ու զգացմունքները հաճախ պարադոքսալ են, դուրս են գալիս ընդունված նորմաների սահնաններից: Հիստերիկ պսիխոպաթների մոտ բացակայում են հստակ սահմանները` երևակայության և իրականության, ֆանտազիայի և ռեալության, արթմնի տեղի ունեցածի և երազում տեսածի միջև: Դրանից բխում է երևակայամոլության, ստելու հակումը, պաթոլոգիական ստախոսությունը, երբ հիվանդների պատմածներում ճշմարտությունը միահյուսվում է մտացածինի հետ, երբ ցանկալին ներկայացվում է որպես իրականություն, երբ ամեն ինչ կամայականորեն խեղաթյուրվում է: Այդ կարգի պսիխոպաթներն այնքան են ընտելանում իրենց իսկ երևակայության արգասիք հանդիսացող իրավիճակներին, որ իրենք էլ են սկսում հավատալ դրանց:

Անբարենպաստ իրադրության ազդեցության տակ հիստերիկ պսիխոպաթների մոտ առաջանում են նևրոզներ, դաշտանադադարի շրջանում հաճախ սրվում են բնավորության ախտաբանական գծերը: Սոցիալական լավ պայմաններում հնարավոր է տևական կոմպենսացիա:

Անկայուն պսիխոպաթները անկամ, թույլ բնավորության տեր մարդիկ են, հեշտությամբ են ընկնում շրջապատի ազդեցության տակ, ընկերների կամքին են ենթարկվում, հեշտ և արագ ընդօրինակում են ուրիշներին: Նրանք չունեն խոր գիտելիքներ, չեն հաստատում ամուր մտերմական կապեր, մի խմբից հեշտությամբ անցնում են մյուսին, առանց երկմտանքի փոխում են որոշումներն ու նպատակները: Դպրոցում վատ են սովորում չնայած մտավոր ունակությունները կարող են վատ չլինել, չեն ներկայանում դասերին: Նույն տեղում երկար չեն աշխատում` պարապուրդների և աշխատանքային կարգապահության խախտումների հետևանքով: Նրանք փնտրում են հաճույքներ և թեթև կյանք, զբաղվում հարբեցողությամբ, մոլախաղերով, օցտագործում թմրանյութեր, վարում անկանոն ապրելակերպ` ստեղծելով պատահական կապեր, քանի որ տանել չեն կարողանում միայնությունը: Անուշադրության մատնվելով` <<անկայուններն>> աստիճանաբար գլորվում են կյանքի <<անդունդը>>, կատարում են գողություններ, խուլիգանություն, խարդախություն են անում, դառնում հանցագործներ, թմրամոլներ, հարբեցողներ: Իսկ բարենպաստ սոցիալական պայմանները` հարազատների հոգատարությունն ու վերահսկողությունը, նրանց սահմանած խիստ ռեժիմը նպաստում են զգալի կոմպենսացիային:

Շիզոիդ պսիխոպաթները մի կողմից ամաչկոտ են, երկչոտ, խոցելի, նրբազգաց, մյուս կողմից` անտարբեր, չոր, մանրախնդիր, մռայլ կամ համառ, դաժան, բարձրագույն նպատակներին հասնելու մեջ` հաստատակամ: Բայց նրանց բոլորին միավորում է մեկ ընդհանուր գիծ` աուտիզմը: Այսպես, թե այնպես` նրանք հիշեցնում են շիզոֆրենիայով հիվանդներին: Բոլոր հիվանդների մոտ դիտվում է զգացմունքների սառնություն, տարօրինակություններ, որոնք արտահայտվում են ինչպես մտածելակերպի, այնպես էլ վարքի, շարժումների, գործողությունների ոլորտում: Նրանց շարժումներն անբնական են, սեթևեթ, ոչ այնքան համաչափ, դիմախաղը զուրկ աշխուժությունից: Հետաքրքրությունները, ձգտումները միակողմանի են, հաճախ յուրօրինակ, արտասովոր:

 Կապերը շրջապատի հետ սահմանափակ են, ընտրովի, հաճախ ուղեկցվում են լարվածության, շփոթվածության զգացմամբ, անմարդամոտ են կամ էլ` ձևականորեն մարդամոտ: Իրենց առջև դրված խնդիրների լուծումից հետո այդ կապերն ու ծանոթություններն ի չիք են դարձնում: Շիզոիդները նոր ծանոթություններ չեն փնտրում, մտերիմ ընկերները մեկ-երկուսն են: Նրանք ծածկամիտ են, երբեք չեն կիսվում իրենց ներքին ապրումներով, չեն արտահայտում իրենց զգացմունքները: Նրանց արտահայտությունները կարճ են ու կտրուկ, երբեմն վատ հասկանալի, քանի որ պաճուճազարդ են արտահայտում իրենց մտքերը` հաճախ դիմելով սիմվոլներին, դատարկաբանությանը: Ազատ ժամանակը նվիրում են <<աուտիստական>> զգացմունքներին` ընթերցանությանը, միայնակ զբոսանքներին, բնությամբ զմայլվելուն:

Շիզոիդ բնավորության հիմքն` ըստ Կրեշմերի, այսպես կոչված, պսիխէսթետիկական համամասնությունն է, այսինքն` էքսպանսիվ շիզոիդներին հատուկ է գերզգայնության (հիպերէսթեզիայի) և զգացմունքային սառնության (անէսթեզիայի) զուգակցումը:

Զգայական շիզոիդները <<գերնրբազգաց>> են, հիվանդագին զգայունություն ունեցող,  վարքագծի նորմերը պահպանող, հոգեկան հավասարակշռությունը խոր վերապրող անձնավորություններ են:

Էքսպանսիվ շիզոիդները ասթենիկ, սթենիկ, կամային անձնավորություններ են, որոնք հաշվի չեն նստում մյուսների հետ: Հաճախ դրանք մեծամիտ, սառը, սկզբունքային մարդիկ են, ընդունակ չեն կարեկցության և անտարբեր են առանձին մարդկանց ճակատագրերի հանդեպ:

Ե´վ զգայական, և´ էքսպանսիվ շիզոիդները հոգեցունց իրավիճակների ազդեցության տակ կարող են դեկոմպենսացվել, արտահայտելով գրեթե խելացնոր մտքեր, սակայն անձի կառուցվածքը կոնֆլիկտների լուծումից հետո չի փոխվում, հիվանդագին դինամիկա սովորաբար չի դիտվում:

Պարանոյալ պսիխոպաթները բնութագրվում են նեղ հետաքրքրություններով, մտածողության միակողմանիությամբ: Նրանք էգոցենտրիկ են, տառապում են արտահայտված մեծամտությամբ: Այն ամենը ինչ սերտորեն կապված է նրանց շահերի հետ, ուշադրության արժանի է թվում: Նրանք համառորեն պաշտպանում են իրենց համոզմունքները, եթե նույնիսկ միանգամայն ակնհայտ է դրանց անճշտությունը և տրամաբանական հետևություններն ու փաստարկները բնավ էլ չեն կարող սասանել նրանց վճռականությունը` դրված խնդրի իրականացման գործում: Սթենիկ են, համառ, կասկածամիտ, յուրաքանչյուր ոք, ով համաձայն չէ իրենց հետ, արժանանում է թշնամի, չարակամ, նախանձ կոչմանը: Պարանոյալ պսիխոպաթների արժանիքները և ճշմարտացիությունը չճանաչելը հանգեցնում են շրջապատի մարդկանց հետ ընհարումների, ենթադրվող թշնամիների դեմ պայքերի: Անհաջողությունները նրանց չեն կանգնեցնում, այլ նոր ուժ են տալիս այդ պայքարում, որը կարող է երկար շարունակվել, առավելևս, որ պարանոյալ պսիխոպաթների տրամադրության ֆոնը ընկած է` լարվածության երանգով: Ֆիքսվելով վիավորանքների վրա, չցուցաբերելով բավարար վերաբերմունք, նրանք վրեժի ծրագրեր են կազմում-մշակում, մեկը մյուսի հետևից բողոքներ գրում, որոնք ամբողջական հատորներ են կազմում (հայցամոլներ, դատամոլներ) և այս ամենը հաճախ արդարության համար պայքարի տեսք է ընդունում` <<հանուն արդարության>>:

Պարանոյալ պսիխոպաթների հիմնական կլինիկական հատկանիշը գերարժեքային մտքերի ձևավորումն է: Դրանց բովանդակությունը կարող են կազմել` նրանց կարծիքը իրենց բարձր դիրքի և կարևոր նշանակության մասին, բարենորոգչական, խանդի, վերաբերման, մելամաղձոտ գաղափարները: Ի տարբերություն զառանցանքների, դրանք սերտորեն կապված են ռեալ իրադարձությունների հետ, ունեն կոնկրետ բովանդակություն, սակայն դրանց հիմնավորումը հաճախ միակողմանի բնույթ է կրում. որպես ապացույց է ներկայացվում այն, ինչ շահավետ է իրենց, և հակառակը, եթե դրանք չեն ամրապնդում պարանոիկների հայացքները:

www.hogeban.info

 

Make a free website with Yola