Հոգեբանական պաշտպանական մեխանիզմները գործում են յուրաքանչյուր մարդու մեջ և օգնում, որ անձը խուսափի (նաև պաշտպանվի) տխուր (ցավալի) և տհաճ հիշողություններից ու զգացումներից:

Գործադրելով պաշտպանական տարբեր միջոցներ մարդը կարողանում է թեթևացնել հոգեկան լարվածությունը:Պաշտպանական հոգեբանական մեխանիզմները ծառայում են տարբեր պատճառներով առաջացած տագնապները և հոգեկան հակասությունները (կոնֆլիկտները) վերացնելը:

Աղյուսակում ներկայացված պաշտպանական մեխանիզմները ամենաշատն են հանդիպում կլինիկական հոգեբանական աշխատանքի ընթացքում: Ընդունված է բաժանել մեխանիզմները 2 մեծ խմբերի` լիակատար և ոչ լիակատար: Առաջին 15 մեխանիզմները դիտվում են որպես չհասունացած, խակ (ոչ լիակատար), որոնք օգնում են պաշտպանվելու ճնշվածությունից, լարվածությունից և այլ տհաճ հոգեկան ապրումներից: Մյուս 5 մեխանիզմներն ավելի հարմարողական (ադապտիվ) բնույթ ունեն և հայտնի են որպես զարգացած, հասունացած (լիակատար) մեխանիզմներ:

Պաշտպանությունը. ըստ Ֆրոյդի, անգիտակցական հոգեկան գործընթացների ամբողջությունն է, որոնք կոչված են պաշտպանելու Եսը: Պաշտպանության համար կարող է օգտագործվել ամեն մի հոգեկան գործընթաց կամ գործունեություն (աշխատանք, խաղ և այլն):

Մեկ այլ սահմանման մեջ որպես պաշտպանական մեխանիզմներ դիտվում են այն հոգեբանական մեխանիզմները, որոնք օգտագործվում են մարդկանց կողմից ենթագիտակցորեն (երբեմն էլ գիտակցորեն)` ֆրուստրացիայի վիճակներից ազատվելու կամ դրանց ներգործությունը վերացնելու համար:


Ֆրուստրացիա, կոնֆլիկտ

Ֆրուստրացիան լատիներենից թարգմանած նշանակում է խաբեություն, անօգուտ, իզուր սպասում, հույսերի և պլանների խորտակում, հուսախաբություն: Ֆրուստացիան դիտվում է որպես արգելք նպատակներին հասնելու ճանապարհին: Ֆրուստատորները` արգելքները. կա´մ անհաղթահարելի են, կա´մ տվյալ իրավիճակում թվում են այդպիսին:

Ֆրուստրացիայի վիճակին հատուկ է հուսահատությունը, անբավարարվածությունը, զայրույթը և տագնապը:

Եթե փորձենք ավելի պարզ ձևակերպել, ապա կստացվի, որ ֆրուստացիան առաջանում է այն ժամանակ, երբ հանգամանքները խանգարում են ցանկությունների իրականացմանը: Իհարկե, հանգամանքները կարող են լինել նաև օբյեկտիվ, մարդը ծարավ է, բայց շրջակայքում ջուր չկա: Սակայն ավելի հաճախ ֆրուստրացիան առաջանում է որպես մարդու անձնական ցանկությունների և հասարակության կողմից մտցված արգելքների միջև եղած հակասության հետևանք:

Ֆրուստրացիայի և գերլարվածության հետևանքով առաջացած կոնֆլիկտների վերացմանը նպաստում է նաև համարժեք հնարավորությունների միջև ընտրություն կատարելը: Վերանայելով իրավիճակը` մարդը հաճախ կարողանում է ազատվել կոնֆլիկտից: Վերանայումը կարող է իրականանալ անսպասելիորեն, ինսայտի (մտքի փայլատակման) միջոցով, կամ աստիճանաբար` կրկնվող ֆրուստրացիայի իրավիճակում:

Եթե նշված ձևերով հնարավոր չէ հասնել նպատակին, ապա լարվածությունը կարող է ուժեղանալ և արտահայտվել հետևյալ կերպ.

1.Ներդրված էներգիան այնքան մեծ է, որ մարդը չափից ավել ջանք է գործադրում, որն էլ իր հերթին կարող է խանգարել նրան:

2.Չափազանց մեծ լարվածությունը կարող է հանգեցնել կոգնիտիվ սահմանափակվածության: Այս դեպքում մարդն ամբողջովին կենտրոնանում է անելանելի իրավիճակի կամ նպատակին հասնելու վրա և չի կարողանում տեսնել այլընտրանքային ուղիներ կամ նպատակներ:

3.Լարվածության աճը հաճախ զուգակցվում է հուզական գրգռվածությամբ, որը խանգարում է մտածելակերպի և ընտրության ռացիոնալ գործընթացներին` մարդը հուզմունքից ընկնում է խուճապի մեջ և չի կարողանում վերահսկել իրավիճակը:

 

Ընդունված է նաև պաշտպանական մեխանիզմները բաժանել հաջողակի և անհաջողակի: Հաջողակ պաշտպանական մեխանիզմների արդյունքում անհետանում են տագնապ առաջացնող բացասական իմպուլսները: Անհաջողակները ի վիճակի չեն վերացնելու տագնապը և այդ պատճառով կարող են կրկնվել երկար ժամանակ:

Պաշտպանական մեխանիզմների հետևանքով անհրաժեշտաբար առաջանում է համապատասխան զգացում: Հակառակ դեպքում օրինաչափորեն առաջանում է հոգեբանական անպաշտպանության զգացում:

 

Ոչ լիակատար մեխանիզմներ

(Immature Defence Mechanisms)

 

1.Ռեպրեսիա, ճնշում (Repression)

Այս մեխանիզմը ամենակարևոր պաշտպանական մեխանիզմներից է, քանի որ նրա հիմքում ընկած են բոլոր մյուսները: Իր էությամբ ռեպրեսիան նման է մոռացմանը: Ռեպրեսիան զգացումների, հիշողությունների և հակադիր մտքերի ներմղումն է (ճնշումն է) դեպի անգիտակցական ոլորտ: Կարծես տեղի ունեցածը ռեպրեսիայի մեխանիզմով թաքցվում, պահվում է գիտակցությունից: Այս մեխանիզմի կիրառումից առաջանում է հիշողության վրիպակներ, սայթաքում, անբացատրելի միամտություն, պարզամտություն: Ճնշված նյութը իրականում լրիվ չի մոռացվում: Ռեպրեսիան թույլ չի տալիս ճանաչել և գնահատել սեփական տհաճ, անցանկալի և անընդունելի մտքերն ու զգացումները:

Օրինակ, այցելուն պատմում էր, որ երկրաշարժի պահին գտնվում էր փողոցում: Հիշում է փլվող շենքը, որից նա ֆիզիկապես չի տուժել, բայց չի հիշում, թե ինչպես է դրանից հետո հասել դպրոց, որ մի քանի կիլոմետր հեռու էր, հանդիպել կնոջը, որը նույնպես եկել էր երեխաներին գտնելու:

Ռեպրեսիան երբեմն թարգմանվում է նաև ներմղում: Հնարավոր է, որ ռեպրեսիայի մեխանիզմով մոռացվածը վերականգնվի հիշողության մեջ հոգեվերլուծության ընթացքում:

2.Հերքում, ժխտում, բացասում (Denial)

Պաշտպանական այս մեխանիզմի հիմքում ընկած է արտաքին իրականության հետ կապված փաստերի ժխտումը: Հերքելով տեղի ունեցածը, մարդը կարծես խուսափում է այդ պատճառով առաջացած տագնապից կամ վշտից: Այլ կերպ ասած, կիրառելով այս մեխանիզմը` ենթագիտակցորեն հերքում են ցավ պատճառող զգացումները և իրականությունը:

Երբեմն մարդիկ չգիտակցված ձևով օգտվում են ճխտման մեխանիզմից, որպեսզի խուսափեն լուրջ հիվանդությունների հայտնաբերումից: Հերքման ժամանակ անընդունելի փաստերը ամբողջովին արտաքսվում են գիտակցությունից, անհատը չի ուզում (կամքից անկախ) առնչվել այդ փաստերի հետ:

Հերքման մեխանիզմը խոչընդոտում է իրականության ճանաչումն ու գնահատումը:

3.Ռեգրեսիա, հետադիմություն (Regression)

Այս մեխանիզմի էությունն այն է, որ անընդունելի զգացումների և գրգիռների պատճառով ենթագիտակցորեն վերադարձ է կատարվում դեպի եսի աճման նախկին մակարդակը: Հիմնականում ռեգրեսիայի արդյունքում անձը դուրս է գալիս պայքարի ինքն իր դեմ: Փաստորեն, ռեգրեսիան անընդունելի զգացումներն և գրգիռները ընդունելի դարձնելու գործընթացն է: Հնարավոր է նաև մեղքի զգացումի առաջացում, քանի որ ուրիշների նկատմամբ ունեցած դժգոհությունները երբեմն կերպարանափոխվում են սեփական եսի դժգոհությունների: Այս պաշտպանական մեխանիզմի ազդեցությամբ է, որ ուրիշների նկատմամբ ունեցած նախատինքը կարող է վերածվել եսի մարմնական (սոմատիկ) գանգատների: Դա թույլ է տալիս անհատին ոչ թե մեղադրել կամ կշտամբել ուրիշներին, այլ <<ողբալ>> սեփական վիճակը:


4.Ձևացում, խաղալ (Acting out)

Լինում են այնպիսի ենթագիտակցական ցանկություններ, գրգիռներ, որոնք զուգորդվում են գիտակցական հուզմունքով, տրամադրությամբ կամ աֆեկտով: Ձևացման ինքնապաշտպանական մեխանիզմը օգտագործվում է նմանատիպ ենթագիտակցական պահանջմունքներից խուսափելու համար: Այլ կերպ ասած, խաղը կամ ձևացումը կիրառվում է անհանդուրժելի զգացումներից թաքնվելու համար: Օրինակ, վատ տրամադրության մեջ որոշ մարդիկ սկսում են ծիծաղել, երգել:

5.Պրոյեկտում, անդրադարձ (Projection)

Պրոյեկտումը այնպիսի պաշտպանական գործընթաց է, որի ընթացքում անձն իր համար անընդունելի զգացումները և ձգտումները ենթագիտակցորեն վերագրում է ուրիշներին: Փաստորեն եսը պաշտպանվում է` մեկ այլ մարդու վրա դնելով իր դժվարությունը: Օրինակի համար կարելի է նկատել, որ հաճախ ծնողները իրենց իսկ զգացածը ներկայացնում են որպես երեխայի մոտ դրսևորված զգացում:

Իսկ հոգեբանին դիմած մայրը փորձում է համոզել ,որ երեխան ունի վախեր` մթությունից, երկրաշարժից: Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ իրականում մայրը պրոյեկտում է իր վախերը երեխայի վրա և հենց ինքն է, որ ունի վերը նշված վախերը:


6.Երկվություն, երկփեղկում (Splitting)

Պաշտպանական այս մեխանիզմը օգնում է անձին իր ստացած բացասական տպավորություններն ու տեսակետները համեմատել դրականի հետ և բաժանել 2 մասերի` <<լավ>> և <<վատ>> կամ <<սև>> և <<սպիտակ>>: Այն մարդիկ, ովքեր օգտագործում են երկփեղկանի պաշտպանական մեխանիզմը, կարծես լավ ու վատ մասերի բաժանելով, մեղմացնում են իրենց տագնապը որևէ երևույթի կամ մարդու նկատմամբ:

Երկվության պաշտպանական մեխանիզմի դեպքում ամբիվալենտություն է նկատվում անընդունելի հույզերը, երևույթները կամ մարդկանց գնահատելիս:

7.Հակազդեցության ձևավորում (Reaction formation)

Պաշտպանական այս մեխանիզմով անընդունելի ենթագիտակցական գրգիռները հերքվում են, և սկսվում է դրանց հակառակ գիտակցական վարքի ու մտածելակերպի հարմարումը:


8.Կոնվերսիա` փոխարինում, փոխարկում (Conversion)

Այս պաշտպանական մեխանիզմի կիրառման ժամանակ գոյություն ունեցող անգիտակցական կոնֆլիկտները, որոնք կարող են առաջացնել տագնապներ, ստանում են արտաքին սիմվոլիկ արտահայտություն: Այսինքն` գոյություն ունեցող կոնֆլիկտը փոխարինվում է մարմնական (սոմատիկ) դրսևորման և արտահայտվում սիմվոլիկ ձևով:


9.Փոխադրում, հակափոխադրում


Այս պաշտպանական մեխանիզմի էությունն այն է, որ զգացումները շեղվում են իսկական կրողներից դեպի ավելի ընդունելի, կամ ավելի քիչ վտանգավոր փոխարինողը:


10.Բանականացում, ինտելեկտուալիզացիա

(Intellectualization)

Այս պաշտպանական մեխանիզմի էությունն այն է, որ ենթագիտակցական ցանկություններից և հզոր զգացումներից խուսափելու համար դրանք փորձում են բացատրել գիտականորեն, հատուկ տերմինների միջոցով: Կամ համեմատում են գրական ստեղծագործությունների և ֆիլմերի հերոսներ հետ:


11.Տարանջատում, դիսոցիացիա (Dissociation)

Այս դեպքում կտրուկ ձևափոխվում է անձի անհատականությունը, որպեսզի խուսափի զգացմունքային ճնշումից: Տարանջատման օրինակներից է մոռացկոտությունը, ինչպես նաև միաժամանակ անհատականության զանազան կողմեր ներկայացնելը:


12.Աֆեկտի գերհույզի մեկուսացում (Isolation of affect)

Մարդկանց մեջ երբեմն ծնվում են այնպիսի գաղափարներ, որոնք զուգակցվում են ճնշող զգացումներով: Աֆեկտի մեկուսացման պաշտպանական մեխանիզմը հնարավորություն է տալիս նմանատիպ զգացումները արտաքսել գիտակցական մակարդակից:

Մեկուսացման միջոցով միտքը և զգացմունքը անջատվում են իրարից և դրանով պաշտպանում անձին:

Ոչ լիակատար մեխանիզմների պաշտպանական հոգեբանական մեխանիզմների թվում նշվում են նաև.

13.Ներառումը (Introjection)

14.Հակագործումը (Undoing)

15.Կոմպենսացիան, փոխհատուցումը (Compensation)

Ներառումն այնպիսի <<պաշտպանություն>> է, երբ անձը ենթագիտակցորեն յուրացնում է ուրիշի հատկությունները, գաղափարներն ու զգացմունքները:

Հակագործումը կատարված կամ մտածված արարքի անմիջական կամ անգիտակցական ձևով հակադարձը դրսըորելու մեխանիզմն է, որն իրականացվում է արարքը դրժող գործողությամբ կամ մտածելակերպով:


Լիակատար կամ հասուն մեխանիզմներ

Տագնապների մեղմացման և ներհոգեկան լարվածության թուլացման համար մարդիկ հաճախ դիմում են հետևյալ, ավելի ադապտիվ (հարմարողական) պաշտպանական մեխանիզմներին:

1.    Ալտրուիզմ, այլասիրություն  (Alttruism)

Այս մեխանիզմի էությունը եթագիտակցորեն ուրիշներին գոհացուցիչ ծառայություն մատուցելու մեջ է :

 Աննա Ֆրոյդի կարծիքով ծառայությունը մատուցվում է ներքին բնազդային մղումներից ելնելով, որոնց թվում է նաև ագրեսիան: Ալտրուիզմը ֆրանսիացի փիլիսոփա Կոնտի կողմից դիտվում է որպես էգոիզմի հակադարձ հասկացություն: Ֆորյդի հոգեվերլուծական տեսության մեջ ալտրուիզմը դիտվում է որպես սուբյեկտի նևրոտիկ պահանջմունք, որը բավարարելով, անձը թուլացնում է սեփական մեղքի զգացումը: Կամ էլ ալտրուիզմը բացատրվում է որպես արտամղված էգոիզմի փոխանցում:

2.    Հումոր, զվարճախոսություն (Humor)

Այս մեխանիզմը հեշտացնում է այնպիսի մտքեր ու զգացմունքներ արտահայտելը, որոնք տագնապային են: Օգնում է զերծ մնալ ճնշվածությունից և այլ տհաճ զգացումներից: Արգելված ցանակությունները կարող են արտահայտվել զվարճախոսությամբ, կոմիկ ձևերով, իսկ արտահայտվելը խիստ կարևոր է և թերապևտիկ նշանակություն ունի:

3.    Զսպում, ընկճում (Suppression)

Այս մեխանիզմի օգնությամբ տհաճ նյութի վրա կենտրոնացումը գիտակցորեն հետաձգվում է: Ճնշման (ռեպրեսիայի) համեմատ այս մեխանիզմը կրում է գիտակցական և նպատակաուղղված բնույթ, մինչդեռ ռեպրեսիան գործում է անգիտակցական ոլորտում և հնարավոր չէ վերահսկել այն: Զսպումը նպաստում է դժվարին վիճակները թեթևացնելուն և ոչ թե դրանից խուսափելու գործընթացին: Զսպելով հնարավոր է պրոբլեմը տեղափոխել գիտակցականից դեպի անգիտակացական ոլորտ:

4.    Ակնկալում, կանխատեսում (Aticipation)

Այս մեխանիզմի էությունն է ապագայում սպասվելիք անհանգիստ և տհաճ իրավիճակների նախօրոք ծրագրավորումը, որը կարող է ազատել տագանպի զգացումից: Օրինակ` նախօրոք հնարավոր է նախապատրաստվել սիրած էակից մոտալուտ բաժանմանը:

5.    Սուբլիմացիա

Սուբլիմացիայի ազդեցության տակ անընդունելի զգացմունքները և գրգիռները ենթագիտակցորեն փոփխության են ենթարկվում` վերափոխվելով բոլորի կոմից ընդունված ձևերի:

6.    Ինքնաարդարացում կամ ռացիոնալիզացիա

 Դրսևորվում է այն դեպքերում, երբ մարդը դիմում է տրամաբանությանը` ինքն իրեն արդարացնելու համար:

Վերջին երկու մեխանիզմների հետ կապվում է նաև վեհացնող ինքնախաբեության մեխանիզմը:

Օրինակ` բաժանվելով սիրած էակից` զույգից մեկը հիշում էր, որ նա ւոներ բացասական գծեր, և հետո ինքն էր խոստովանում, որ մինչև բաժանվելը երբեք չի անրադարձել այդ հարցին:

Ընդհանրացնելով` պաշտպանական մեխանիզների վերաբերյալ ողջ նյութը կարելի է նկատել, որ անձի պաշտպանության զարգացումը նրան տագնապներից ազատելու նպատակ է հետապնդում:

Յուրաքանչյուր անհատ օգտվում է տարբեր պաշտպանական մեխանիզմներից և տարբեր չափերով:

Պաշտպանական մեխանիզմները օգնում են մարդուն ոչ միայն չկոցնել իր նկատմամբ ունեցած ինքնագնահատականը այլև օգնում են հաղթահարելու կենսական դժվարությունները: Նրանք հուշում են պրոբլեմների հնարավոր լուծումները, օգնում են թաքնվել կամ փախչել տհաճություններից:

Պաշտպանակն հոգեբանական մեխանիզմների էական կողմերից մեկը նրանզ ադապտացիայի հնարավորությունն է:

Պաշտպանական մեխանիզմի բացասական ազդեցությունն այն է, որ նրանք նշանակալի չափով հերքում են իարականությունը: Քանի որ բացասումը վաղ թե ուշ բերում է դժվար հետևանքների, ուրեմն իրականության խեղաթյուրումը գրեթե միշտ պատժվում է: Հետևաբար պաշտպանական հոգեբանական մեխանիզմները կարել է գնահատել որպես ադապտիվ, և որպես դեզադապտիվ համակարգեր: Ադապտիվ, քանի որ անձին պաշտպանում են ցավերից և տագնապներից, դեզադապիվ, քանի որ խեղաթյուրում են օբյեկտիվ իրականության ընբռնումը:

www.hogeban.info

 

Make a free website with Yola