Փոխհատուցում, փոխադարձություն և տարածական մերձավորություն

 

Մարդկանց միջև հարաբերությունների առաջացման և խորացման վրա ազդում է ոչ միայն նրանցում նման, այլև փոխադարձաբար լրացուցիչ գծերի առկայությունը, դիրքորոշումների փոխադարձությունը և այն, թե ինչ հաճախականությամբ են նրանք իրար տեսնում:

Փոխլրացման (փոխհատուցման) սկզբունք: Ցանկալի և համակրելի լինելու համար երկու անձնավորությունները պետք է ունենան ոչ միայն նմանություններ, այլև փոխլրացնող (կոմպլիմենտար) գծեր: Եթե, օրինակ, ինչ-որ մեկը տիրելու, կառավարելու հակումներ ունի, ապա նրան կարող է հրապուրել ենթարկվելու, զիջումների գնալու հատկություն ունեցող անձնավորությունը: Կարիքավոր մարդիկ հրապուրիչ են այն անձանց համար, ովքեր նրանց կարող են առաջարկել, տալ այն, ինչի կարիքն առաջինները զգում են:

Փոխլրացնող գծերի վրա հիմնված հարաբերություններում երկու անձնավորությունների մեջ էլ այդ լծորդված գծերը իրար ուժեղացնում են, որի հետևանքով նրանց կապերն ամրապնդվում են: Փոխլրացնող գծերը կարող են առաջանալ նաև ժամանակի ընթացքում: Փոխադարձ հարմարման (ադապտացիայի) անհրաժեշտությունը այդպիսի գծերի ձևավորման անհրաժեշտություն է ծնում, որը և որոշ դեպքերում հանգեցնում է դրան:

Գիտնականները կարծում են, որ հատկապես ամուր են լինում այն ամուսնությունները, որոնք ծնվում են սիրո և նախնական համատեղելիության վրա: Սակայն իրական կյանքը ցույց է տալիս, որ շատ հաճախ կայուն են լինում նաև առանց սկզբնական և խոր ճանաչման ամուսնությունները, որոնք կնքվել են ծնողների ստիպմամբ կամ այլ հանգամանքների ազդեցության տակ:

Փոխադարձություն: Եթե փոխլրացման գործընթացի հետ կապված փոփոխությունները անձի մեջ կատարվում են սեփական անձի վրա մշտապես բռնանալու հետևանքով, ապա դրանք կայուն չեն կարող լինել: Նման հարաբերությունները կամ երկար չեն տևի, կամ էլ հագեցված կլինեն վեճերով ու բախումներով: Զույգերի հարաբերությունները կարող են երկար ժամանակ պահպանվել այն դեպքում, երբ նրանք կարողանում են երկար ժամանակ մտքով կանգնել մյուսի դիրքում և երբ կա փոխադարձ համակրանք:

Փոխադարձ համակրանքի կամ սիրո առաջացման գործում պետք է հաշվի առնել հետևյալ երևույթը. մենք սիրում, համակրում, հարգում ենք նրանց, ովքեր սիրում , համակրում, հարգում են մեզ: Ովքեր մեզ չեն սիրում, մեզանում իրենց նկատմամբ չեն կարող սեր առաջացնել: Ընդ որում այս միտումն առաջանում է կյանքի այն փուլում, երբ մենք սիրված լինելու պահանջ ենք զգում: Այդ պահանջմունքի ուժգնության պայմաններում ուրիշի կողմից տրվող բացասական վերաբերմունքը առաջ է բերում զայրույթ և ատելություն: Եթե որևէ մեկը սիրում է մեզ, ապա մեր մեջ նրան սիրելու հակում է առաջանում: Տղամարդիկ համակրանք են զգում այն կանանց նկատմամբ, ովքեր ուշադրություն են դրսևորում իրենց նկատմամբ, ուղիղ նայում են աչքերի մեջ, հակված են զրուցելու, խոսում են և ժպտում, խոսելիս մի փոքր առաջ են թեքվում` ստեղծելով մտերիմ իրադրություն: Նման կանայք տղամարդկանց համար գրավիչ են դառնում նույնիսկ, երբ նրա հետ տարբեր հայացքներ ունեն մեկ հարցի շուրջ: Սակայն կան մարդիկ, ովքեր գիտեն այդ մեխանիզմի ուժը և խորամանկորեն օգտագործում են այն ուրիշներին մոլորեցնելու համար: Այս խորամանկությունը դժվար չէ մերկացնել, քանի որ նման անձիք սկսում են մեզ գովել առանց իրապես ճանաչելու: Ցավոք ոմանք մեծ նշանակություն են տալիս ուրիշների կարծիքներին և շատ շուտ ընկնում թակարդը:

Այսպիսով փոխադարձությունը հանդիսանում է զույգի ընտրության և հարաբերություններ սկսելու կարևոր նախապայման, իսկ ինչ վերաբերվում է ոչ փոխադարձ սիրուն և համակրանքին, ապա որքան էլ, որ այն ուժգին լինի ժամանակի ընթացքում մարում է:

Տարածական մերձավորություն:

Մարդկանց միջև փոխադարձ գրավչություն ծնող գործոններից է նաև տարածական մերձավորությունը: Ավելի հաճախ միմյանց համակրում ու ծանոթանում են այն անձինք, ովքեր հաճախակի են տեսնում իրար և հաղորդակցվում: Դա մերձավորության էֆեկտն է: Մարդկանց միջև բարեկամությունն ու սերը հաճախ հենց այդ հաճախակի կոնտակտներից է ծնվում: Ավելի հաճախ ընկերներ են դառնում այն աշակերտները կամ ուսանողները, ովքեր իրար կողք են նստում: Որքան ավելի հաճախ ենք տեսնում նույն մարդկանց, այնքան ավելի մեծ է լինում նրա հետ բարեկամանալու հավանականությունը: Օտարներն ու անծանոթներն ընկալվում են զգուշավորությամբ:

www.hogeban.info

 

Make a free website with Yola