Յուրաքանչյուր մարդ իր կյանքում երբևէ ինչ-որ վախ է ապրում: Դա բնական է, եթե այդ վախը պաշտպանական ֆունկցիա է կատարում, բայց լինում են դեպքեր, երբ վախերը մարդուն խանգարում են և վերածվում են ֆոբիայի, որը համարվում է վտանգավոր մարդու հոգեկան առողջության համար:
Ֆոբիան հոգեբանական խանգարում է, որի ժամանակ մարդն ակամայից հիվանդագին վախի զգացում է ունենում, որն էլ իր հերթին ստիպում է խուսափել համեմատաբար վտանգավոր երևույթներից: Թեպետև ֆոբիայի առաջացման պատճառները մինչև վերջ պարզ չեն, այնուամենայնիվ, այս խանգարումները հիմնականում առաջանում են հարուստ երևակայության ու բարձր հուզականության տեր մարդկանց մոտ:
Հասարակ ֆոբիաների թվին են պատկանում վախը փակ տարածություններից, բարձրությունից, բժշկական սենյակներից, կենդանիներից` միջատներից, օձերից, թռչուններից, շներից: Որպես կանոն վախը և հասարակ ֆոբիաները առաջացնում են սիրտ - անոթային և ստամոքս - աղիքային տրակտի հիվանդություններ: Սոցիալական ֆոբիաների թվին են դասվում ուրիշների ներկայությամբ խոսելու, ուտելու վախը: Ամենաշատ հանդիպող ֆոբիայի տեսակներն են կլաուստրաֆոբիան ու ագորաֆոբիան: Սրանք ամենաշատն են ազդում մարդու աշխատունակության վրա: Ագորաֆոբիան ի հայտ է գալիս բաց տարածքներից վախի դեպքում, իսկ կլաուստրաֆոբիան` փակ տարածքում գտնվելու վախի դեպքում` վերելակ, ինքնաթիռ, թունել եւ այլն:
Ֆոբիայով տառապող մարդը նման դեպքերում խուճապի մեջ է հայտնվում: Վախի նոպաները հաճախ զուգորդվում են այնպիսի հոգեբանական երևույթներով, ինչպիսիք են՝ ապակողմնորոշումը, անիրականության զգացումը: Հնարավոր են ֆիզիկական այնպիսի զգացողություններ, ինչպիսիք են` գլխապտույտը կամ հավասարակշռությունը կորցնելը, սրտխփոցը, տեսողության եւ լսողության կորուստը: Երբեմն նկատվում են նաեւ այլ ֆիզիկական նախանշաններ` սրտխառնոց, որովայնի շրջանում ցավեր, դժվարություններ միզելու հետ կապված, մկանային լարվածություն: Ֆոբիա ունեցող մարդու մոտ շատ արագ տեմպերով է աճում վախի զգացումը, հատկապես, եթե երևակայությունն ավելի ուժեղ է աշխատում: Մարդն ավելի շատ է սկսում սևեռվել անհարմարության վրա և ավելի քիչ է սկսում մտածել այն բանի մասին, ինչը կարող է իրեն ազատել նման հոգեվիճակից: Այնպիսի համոզմունք է առաջանում, որ հիմա պետք է մի ահավոր բան տեղի ունենա` մահ, սրտի նոպա կամ հոգեկան խանգարում: Հենց սա է խուճապային վիճակը: Այդ խուճապն այնքան տառապալի, սարսափելի է, որ մարդը խուսափում է ցանկացած իրավիճակից, որը կարող է սևեռուն վախ առաջացնել: Նման ֆոբիայով տառապող մարդիկ խոստովանում են, որ այդ ռեակցիան երբեմն մեղմանում կամ անհետանում է վստահություն ներշնչող մարդու ներկայությունից:
Այս հիվանդության բուժման նպատակն է՝ մարդու մոտ զարգացնել վախին դեմ առ դեմ հանդիպելու ընդունակություններ եւ ապացուցել, որ իրականում վտանգավոր ոչինչ չկա:
Գրեթե բոլոր կանայք վախենում են օձերից ու մկներից, իսկ ատամնաբույժի մոտ գնալուց վախենում են նույնիսկ տղամարդիկ: Եվ շատ հաճախ դրանք ոչ թե սովորական վախեր են, այլ սևեռուն ահ` ֆոբիա: Գովազդը ևս նպաստում է բազմազան վախերի առաջացմանը: Գովազդի պատճառով մարդիկ սկսում են վախենալ գիրությունից` օբեզաֆոբիա, մաշկի կորյակներից` ակնեոֆոբիա, կնճիռներից` ռիտիֆոբիա, ճաղատանալուց` ֆալակտրոֆոբիա, միկրոբներից, որ ամենուրեք են` վերմինոֆոբիա եւ այլն: Իսկ գովազդներում ու առհասարակ շոու-բիզնեսում երևացող անթերի ու կատարյալ մոդելներին տեսնելուց հետո մարդկանց մոտ ծնվում է դիսմորֆոբիա` վախ սեփական կառուցվածքի տգեղությունից: Սևեռուն վախը սովորաբար առաջանում է մանուկ հասակում տեղի ունեցած ինչ-որ իրադարձությունից, որը տպավորվում է երևակայության մեջ, սակայն այն արտահայտվում է տարիներ հետո: Այս պատճառով երբեմն շատ դժվար է լինում պարզելը, թե ինչն է հիմք հանդիսացել տվյալ վախի առաջացման համար: Վախի եւ ֆոբիայի տարբերությունը մեծ է: Ֆոբիա ունեցող մարդը որոշ իրավիճակներում ընդհանրապես չի կարողանում իրեն տիրապետել, իսկ նախանշանները հետևյալն են` կոկորդում խեղդոցի զգացում, սրտի աշխատանքի արագացում, սառը քրտինք, սարսափի զգացում, սրտխառնոց, հավասարակշռության կորուստ: Եթե թվարկվածներից 4-ը զգացել եք, ուրեմն ակնհայտ է, որ տառապում եք ֆոբիայով:
www.hogeban.info