Կառլ Ռոջերս

 1902-1987

Կառլ Ռոջերսը` Ուոլտեր Ռոջերսի և Ջուլիա Կաշինգի որդին, ծնվել է հունվարի 8-ին 1902թ.-ին Չիկագոյի արվարձաններից մեկում` Իլինոիսում: Նա ընտանքում վեց երեխաներից չորրորդն էր: Ռոջերս շատ ամոթխած ու զգայուն երեխա էր, որը շատ ծանր էր տանում իր մեծ քույրերի ու եղբայրների ծաղրանքները: Քանի որ հայրը հաճախ տանը չէր լինում, մեկնում էր գործուղումների, նա հոգեպես ավելի նվիրվել էր մորը: Ռոջերսը շատ էր սիրում ընթերցանությունը, սակայն ընտանիքի անդամները միայն խթանում էին աստվածաշնչի ընթերցումը, քանի որ կրոնապաշտ մարդիկ էին, իսկ մնացած գրքերը Ռոջերսին արգելում էին կարդալ` համարելով դա անիմաստ ժամանակի վատնում:

Դառնալով յոթ տարեկան` Ռոջերսը սկսում է դպրոց հաճախել, բայց երբ այնտեղ նկատում են, թե ինչպիսի վարժ կարդալու հմտության է տիրապետում Ռոջերսը, տեղափոխում են միանգամից երկրորդ դասարան: Ռոջերսը այնտեղ ծանոթանում է իր ապագա կնոջ` Հելեն Էլիոտի հետ, որը տասնհինգ տարի հետո դառնում է նրա կինը: Ռոջերսը ասում է, որ Հելենը առաջին աղջիկն էր, ում նա ժամադրել է, և դա բավականին հեշտ ստացվեց, քանի որ արդեն ճանաչում էր նրան, բացի այդ Ռոջերսն այնքան ամաչկոտ էր, որ ուրիշ ոչ ոքի հետ չէր համարձակվում ծանոթանալ:

Որոշ փաստեր նշում են, որ Ռոջերսը իր մանկության տարիներն անց է կացրել ֆերմայում, և նա էլ հետո հաստատում է այն փաստը, որ իրենց ֆերմայում կատարված աշխատանքները իրեն շատ են օգնել հետագայում գիտական հաջողությունների ձեռք բերման մեջ (որքան էլ զարմանալի թվա): Դրա համար նա նպատակադրվել էր ընդունվել գյուղատնտեսության քոլեջ, բայց հետո Ռոջերսը փոխում է իր որոշումը: Այդ քայլին նա դիմում է այն պատճառով, որ նրա մեծ եղբայրը` Ռոսը, հանդիսանում էր քրիստոնեական ասոցիացիայի ակտիվիստներից մեկը, և Ռոջերսը միանալով  նրանց` 1922թ.-ին  մեկնում է Չինաստան Քրիստոնեության միջազգային համագումարին մասնակցելու համար: Չնայած որ ինքնին ճանապարհորդությունը շատ կարճ է տևում` Ռոջերսը այդ ընթացքում շատ բան է հասկանում և զգում: Նա առաջին անգամ տեսնում և գնահատում է տարբեր ազգերի և մշակույթների մարդկանց, և գնալով նրա աշխարհայացքներն ու նպատակները սկսվում են փոխվել: Ռոջերսը դառնում է ավելի ինքնավստահ ու վերջապես ձեռք է բերում անկախություն իր ծնողներից: Նա գրում է, որ իր նպատակները, իր արժեքները, իր աշխարհայացքը վերջապես դարձավ հենց իրենը, այլ ոչ թե ծնողներինը: Նա հասկացավ, որ իր կյանքի հիմնական նպատակը դա մարդկանց օգնելն է,  և այդ հոգևոր օգնությունը կարելի է նաև ցուցաբերել եկեղեցուց դուրս: Նա համոզվեց, որ հոգեբանի աշխատանքը դա բավականին պատվավոր գործ է, որը նաև թույլ կտա գումար վաստակել:

Ռոջերսը Վինսկոնսիսկի համալսարանի հոգեբանության հեռակա դասընթացներին մասնակցեց, որը հիմնված էր Ուիլյամ Ջեյմսի աշխատությունների վրա, և որը Ռոջերսի համար բավականին ձանձրալի էր: Սակայն այդ ամենը չհանգցրեց նրա հետաքրքրությունը հոգեբանության հանդեպ, և նա իր կրթությունը շարունակեց Կոլումբիայի համալսարանի Մանկավարժական քոլեջում: Համալսարանն ավարտելուց հետո նա տասներկու տարի աշխատեց Նյու Յորքի Ռոչեստր քաղաքի <<Օգնություն երեխաներին>> կենտրոնում` որպես կլինիկական հոգեբան: Ռոջերսը այդ ժամանակ ոչ մի հոգեբանական դպրոցի նախապատվություն չէր տալիս, հետո միայն այցելելով Օտտո Ռանկի սեմինարներին` նրան հետաքրքրեց թերապևտիկ տակտիկաները, բայց ոչ նրա տեսությունը: Նա ձևակերպեց իր սեփական տեսությունը և մեթոդները իր տարիների աշխատանքի և փորձի շնորհիվ, որը անվանեց <<այցելուակենտրոն թերապիա>>:  Նա առաջինն էր, ով օգտագործեց <<այցելու>> տերմինը հոգեբանության մեջ:

Աշխատելով այդ հիվանդանոցում` Ռոջերսը գրեց <<Կլինիկական աշխատանք դժվար երեխաների հետ>> գիրքը (1939), որը ընդունվեց բավականին լավ: Նրան հրավիրեցին Օգայո նահանգի համալսարանում պրոֆեսորի պաշտոն զբաղացնելու: Ոգեշնչվելով ուսանողների դրական արձագանքներով և իր ակադեմիկական փորձով` նա 1942թ.-ին  հրատարակեց <<Հոգեթերապիա և խորհրդատվություն>> գիրքը:

1945թ.-ին Չիկագոյի համալսարանը նրան հնարավորություն տվեց բացել սեփական խորհրդատվության կենտրոնը: Այդ կենտրոնը նա ղեկավարեց մինչև 1957թ.-ը:

1951թ. թողարկեց <<Թերապիա` կենտրոնացված այցելուի վրա>>, որը ուժեղ քննադատության է արժանանում մի շարք թերապևտների կողմից, տարբեր հոգեբանական դպրոցների կողմից:

1961թ. լույս տեսավ <<Անձի կայացում >> գիրքը:

Դեռևս Չիկագոյի համալսարանում աշխատելու տարիներին Ռոջերսը ունեցավ որոշ հոգեկան դժվարություններ. նա այդ ժամանակ բուժում էր մի կնոջ և ապրելով շատ խորը էմպաթիա` ընկնում է նույնանման պաթոլոգիկ վիճակի մեջ: Նրան օգնում է երեկարատև արձակուրդը և իր աշխատակիցներից մեկի մոտ անցած հոգեթերապիան:

1957թ. Վինսկոնսինսկի համալսարանում սկսում է դասավանդել հոգեբանություն և հոգեթերապիա: Սակայն Ռոջերսը խնդիրներ է ունենում ղեկավարության հետ կապված, որոնք սահմանափակում էին և՛ դասավանդողի, և՛ ուսանողների ազատ ընտրության իրավունքները. նա հրաժարական է տալիս: Հետո նորից է վերադառնում, բայց խնդիրները չեն հարթվում, և նա նորից թողնում է իր պաշտոնը:

1963 թվականից նրա աշխատանքը կապված էր <<Անձի ուսումնասիրության>> կենտրոնի հետ, որտեղ նա վերջապես կարողանում է հանգիստ աշխատել առանց ադմինիստրացիայի ճնշումների և վեճերի:

Ռոջերսը գրում է 16 գիրք և 200 հոդված, նրա աշխատանքները թարգմանվում են 60 օտար լեզուներով:

1966թ.ին տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ Ռոջերսը հետևյալ կերպ է մեկնաբանում իր ստատուսը.

<<Ես այդքան էլ մեծ հեղինակություն չունեմ հոգեբանության մեջ, որպես այդպիսին, բայց դա ինձ ամենաքիչն է անհանգստացնում, քանի որ կազմակերպչական, սոցիալական, խմբային դինամիկայի, արդյունաբերական աշխատանքներում, փիլիսոփայության, գիտության, տեսական հոգեբանության մեջ և մի շարք այլ բնագավառներում իմ գաղափարները տարածվել և մեծ ազդեցություն են թողել, որը ես երբեք նույնիսկ չէի էլ կարող պատկերացնել>>:

1986 թ.-ի գարնանը նա տեղափոխվում է Մոսկվա, որտեղ ելույթ է ունենում մի շարք հոգեթերապևտների առջև: Չնայած իր տարիքին` նա բավականին աշխույժ, էներգիայով լի և եռանդնուն մարդ էր: Դրա համար ոչ ոք չէր հավատում նրա մահվան լուրին, որը տարածվեց մեկ տարի հետո:

Ռոջերսը մահացավ 1987թ.ին ութսունհինգ տարեկան հասակում:

www.hogeban.info

 

Make a free website with Yola