Ռուս ֆիզիոլոգ Ի. Պավլովը մշակեց բարձրագույն նյարդային համակարգի տիպերի մասին տեսությունը` համաձայն որի նյարդային գործունեության անհատական տարբերությունների հիմք է հանդիսանում երկու հիմնական նյարդային գործընթացների՝ արգելակման և գրգռման միջև հարաբերությունը և դրանց դրսևորումը։ Պավլովն առանձնացնում էր նյարդային համակարգի 3 հիմնական հատկություն, որոնց կոմբինացիայով էլ պայմանավորվում են նյարդային համակարգի տիպերը, որոնք շատ բանով համընկնում են հումորալ տեսության առանձնացրած տիպերի հետ։ Ուժը նյարդային համակարգի հատկանիշ է, որը բնութագրվում է երակարտև կամ թեկուզ կարճատևը, սակայն ուժեղ ազդակներին, մեծ ծանրաբեռնվածություններին դիմանալու հատկությամբ։ Ուժի ցուցանիշը կախված է արգելակման և գրգռման գործընթացների ուժից։ Նյարդային գործընթացների հավասարակշռությունը կախված է գրգռման և արգելակման գործընթացների հարաբերակցությունից, այսինքն՝ դրանց հավասար արտահայտվածությունից, հավասարաչափությունից։ Նյարդային գործընթացների շարժունակությունը բնութագրվում է արգելակման և գրգռման գործընթացների արագությամբ, ինչը պայամավորում է նոր պայմանական կապերի ձևավորման արագությունը, նյարդային գործընթացների տևողությունը: Համապատասխան այս երեք հատկությունների արտահայտվածության չափին` Պավլովն առանձնացնում էր նյարդային համակարգի չորս տեսակ։ Ըստ Պավլովի` նշվածներից ամենակարևոր հատկությունը նյարդային գործընթացների ուժն է, և ըստ այդ հատկանիշի` նա առանձնացնում էր նյարդային համակարգի ուժեղ և թույլ տիպեր։ Թույլ տիպի ներկայացուցիչների մոտ և՛ արգելակումը, և՛ գրգռումը թույլ է լինում, հետևաբար այդ ընդհանուր թուլության ֆոնի վրա այլ տարբերություններն աննկատ են։ Ուժեղ տիպի ներկյայացուցիչները լինում են հավասարակշռված և անհավասարակշռված։ Ուժեղ հավասարակշռված տիպը իր հերթին բաժանվում է ուժեղ հավասարակշռված շարժուն և ուժեղ հավասարակշռված իներտ տիպերի։ Այս տիպերը համապատասխանում են. թույլ տիպ՝ մելանխոլիկ, ուժեղ անհավասարակշիռ՝ խոլերիկ, ուժեղ հավասարակշիռ շարժուն՝ սանգվինիկ, ուժեղ հավասարակշռված իներտ՝ ֆլեգմատիկ։ Պավլովի ուսումնասիրությունները շարունակեց Բ. Տեպլովը, և դրա շնորհիվ բացահայտվեցին նյարդային համակարգի այլ հատկություններ։ Դրանցից են սենզիտիվությունը՝ նյարդային համակարգի զգայունակության մակարդակը, դինամիկությունը՝ նոր ժամանակավոր կապերի ստեղծման արագության և հեշտության ցուցանիշը, լաբիլությունը, որից կախված է նյարդային գործընթացների առաջացման և դադարեցման արագությունից, ճկունությունը և անճկունությունը, հուզականությունը, հակազդման արագությունը և այլն։ Ռեակտիվությունը և ակտիվությունը նույնպես հանդիսանում են նյարդային համակարգի հատկություններ, որոնք կապված են էներգետիկ մակարդակի հետ և մեծ ազդեցություն ունեն գործունեության ձևի վրա։ Ռեակտիվությունը արտաքին ազդակին պատասխան ռեակցիայի ինտենսիվության աստիճանն է, որը հարաբերականորեն հաստատուն է և բնութագրական տվյալ անհատի համար։ Այս հատկությունը կապված է անհատի նյարդային համակարգի գրգռողականության՝ սենսոր և հուզական, և աշխատունակության՝ դիմացկունության, հետ։ Այս երկու հատկանիշներն էլ փոխադարձ համեմատական են միմյանց՝ ինչքան զգայունակ է նյարդային համակարգը, այնքան թույլ է դիմանում դրական կամ ուժեղ գրգռիչների և հակառակը։ Ըստ ռեակտիվության` անձը կարող է լինել ցածր ռեակտիվությամբ և բարձր ռեակտիվությամբ օժտված։ Առաջին դեպքում գրգռիչը առաջ է բերում ավելի թույլ ռեակցիա, քան երկրորդ դեպքում։ Ակտիվությունը անհատական առանձնահատկություն է, որ բնութագրվում է գործողությունների կամ գործունեության ինտենսիվությամբ, տևականթյամբ և հաճախականությամբ։ Այս ակտիվության նպատակը գրգռման օպտիմալ մակարդակին հասնելն է կամ այն պահպանելը համապատասխան քանակությամբ և ինտենսիվությամբ ազդակների ստացման շնորհիվ։ Գրգռման օպտիմալ մակարդակը ֆիզիոլոգիապես ապահովում է էներգիայի ամենքիչ ծախսը տվյալ գործունեության կատարման համար, իսկ հոգեբանորեն բնութագրվում է գործողությունների կատարման ամենից բարձր արդյունավետությամբ։ Ակտիվությանը հակադրվում է պասիվությունը, որի ցուցանիշներից է ազդակ-գրգռիչների մեջ պահանջմունքի բացակայությամբ։ Հիմնականում բնորոշ է բարձր ռեակտիվությամբ անհատներին և նպատակ ունի պակասեցնել ազդակների քանակը և թուլացնել դրանց ինտենսիվությունը։ Ռեակտիվությունը և ակտիվությունը միմյանց հետ անմիջական կապ չունեն, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։ Դրանք իրար չեն փոխպայմանավորում, սակայն ունեն ընդհանուր պատճառ, որը ստիմուլյացիայի շատացման ու քչացման մեխանիզմն է։ Այդ իսկ պատճառով փոխկապակցված են միջնորդավորված ձևով։ Քանի որ բարձր ռեակտիվությամբ անհատը ունի բարձր գրգռողականություն, ապա նա ավելի քիչ պահանջ ունի ազդակների հոսքի, քան ցածր ռեակտիվությամբ մարդը, որը ավելի թույլ է զգում ազդակները և հետևաբար բարձրացնում է ակտիվությունը, որպեսզի ապահովի օպտիմալ ստիմուլյացիան։

 

www.hogeban.info

 

Make a free website with Yola