Խմբային համարձակություն

Մարդը որևէ խնդիր կարող է լուծել միայնակ կամ խմբի կազմում: Երկրորդ դեպքում նա խնդիրը դարձյալ կարող է լուծել միայնակ, բայց ուրիշների ներկայությամբ: Սակայն առավել հետաքրքրական է այն դեպքը, երբ որևէ խնդիր մարդիկ լուծում են խմբովին, որպես համատեղ գործունեություն: Խնդիրը կարող է դրվել խմբային քննարկման, որի ընթացքում յուրաքանչյուր մասնակից իր տեսակետն է ներկայացնում հնարավոր լուծումների մասին, առաջարկում է ընտրել դրանցից մեկը կամ մյուսը:

Խնդիրների խմբային լուծման հետ կապված բազմաթիվ հարցերից մեկն էլ հետևյալն է, ո՞ր վճիռներն են ավելի համարձակ լինում` անհատական, թե՞ խմբային:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թեև կան բացառություններ, բայց հիմնական միտումը հետևյալն է. խնդիրները խմբովին քննարկելիս կամ լուծելիս ավելի համարձակ լուծումներ են առաջադրվում, քան երբ նույն մարդիկ միայնակ են լուծում դրանք: Խմբի կազմում կատարվում է համարձակության տեղաշարժ, ռիսկի ուժեղացում:

Այս խնդրով զբաղվել են մի շարք սոցիալական հոգեբաններ, որոնց տեսակետների մանրամասն քննարկումն ավելի տեղին կլիներ սոցիալական հոգեբանության դասընթացում: Սակայն շատ համառոտ ներկայացնենք, թե ինչով են հոգեբանները բացատրում <<համարձակության տեղաշարժ>> կոչված երևույթը, ինչու՞ է այն առաջանում: Առաջադրվել են հետևյալ երեք հնարավոր բացատրությունները.

ա) խմբի կազմում դիտվում է պատասխանատվության ցրման (դիֆուզիայի) երևույթ, անհատական պատասխանատվությունը նվազում է, ողջ խումբն է պատասխանատու դառնում վճիռների և ձեռնարկվող գործողությունների համար: Այդ պատճառով առաջարկվում և ընդունվում են ավելի համարձակ և ծայրահեղական լուծումներ, քան խնդիրը միայնակ լուծելիս:

բ) Խմբում համարձակ առաջարկություններ մտցնելն ավելի բարձր է գնահատվում, քան զգուշությունն ու պահպանողականությունը: Այդ պատճառով խմբի անդամները, համեմատվելով միմյանց հետ, ձգտում են ըստ համարձակության հետ չմնալ միմյանցից:

գ) Խմբում խնդիրը քննարկելիս մարդիկ այն ավելի խորն են հասկանում և պատրաստ են դառնում ավելի համարձակ վճիռներ կայացնելու համար:

Հասկանալի է, որ հիշյալ երեք գործոնները կարող են և միավորվել` հանգեցնելով համարձակ վճիռների կայացման:

Իսկ ե՞րբ են խմբային վճիռներն ավելի չափավոր, զգուշավոր դառնում: Այն դեպքում, երբ քննարկման ժամանակ խմբի անդամները մեծ մասամբ զգույշ ու չափավոր փաստարկներ են բերում առաջարկվող որոշման օգտին: Փաստարկների բնույթը զգալի չափով կախված է խմբի ղեկավարից, լիդերից, նրա համարձակությունից կամ պահպանողականությունից: Կան զգույշ ու չափավոր խմբեր, կան նաև սոցիալական խմբեր, որոնք <<խաղում են>>, այսպես ասած, խելագարության սահմանի վրա:

Խմբային վճիռների բնույթը կախված է նաև խմբի որդեգրած գաղափարախոսությունից:

www.hogeban.info

 

Make a free website with Yola